Մանիպուլյացիաներ IT ոճով

ՏՏ ընկերությունների շահերը պաշտպանող երկու նախարարները գնացին, բայց իրենց գործն ապրում է։ Մարտ են մտնում ընկերությունները եւ այսպես կոչված «ոլորտային միությունները»:  Օրերս ԱԺ–ում կայացավ ՏՏ ընկերությունների հետ  հանդիպումը պատգամավորների հետ։ Հանդիպման ընթաքում հիմնականում քննարկվում էր հարկերի նվազեցման թեման։ Եւ սկսվե՜ց։ Հոդվածի վերջում կլինի բացահայտում, թե ինչ նպատակի էր ծառայում   հարկերի նվազեցման այս թեման։

ՏՀՏ գործատուների միությունը ի դեմս  տնօրեն Է․ Մուսաելյանի բողոքում էր, թե «աշխարհում, այսպես ասած՝ ուղեղների որս է, տարածաշրջանում մրցունակ լինելու համար ավելի լավ պայմաններ են պետք, հարկային ավելի ցածր բեռ ․․․․․ թե չէ բոլորը կգնամ Վրաստան կամ Թուրքիա»։

Այս մեջբերումից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ռելոկանտների մասին է, որոնք Հայաստան եկան 2022-ին եւ այժմ, իբր թե բարձր հարկերի պատճառով, գնում են Վրաստան։

Նորից հին երգն են երգում` իջեցրեք հարկերը, թե չէ կգնանք։Երգում են  Ռուսաստանի Միջին գոտում ասֆալտ փռողները,  Երեւանի կենտրոնի տաքսիստները, բայց գլխավոր դերում միշտ ՏՏ ոլորտն է։

Է Մուսայելյանի հետ համաձայն է ՀՀ խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկի՝ «Սինոփսիս» կազմակերպության տնօրեն և ՏՀՏ ոլորտի գործատուների  միության հոգաբարձուների խորհրդի անդամ Հ․ (!) Մուսաելյանը։ «Պետք է իջեցնել հարկերը, թե չէ բոլորը կգնան», – ասում է նա։

Եւ այստեղ սկսվում է մանիպուլյացիաների տարափը։

ԱԺ-ում կայացած հանդիպման ընթացքում «Սինոփսիս»-ի ներկայացուցիչը  պնդեց , թե Հայաստան եկած 130 հազար ռելոկանտներից 90 հազարը  ՏՏ ոլորտից են, բայց հիմա երկրում մնաց միայն 20 հազարը։

Իրենց աշխատանքային խմբի վերուծաբանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի  իբրեւ թե Տաշքենդում կենսապահովման ծախսերը Երեւանից ցածր են 51%-ով, Աստանայում՝ 58%-ով, Ստամբուլում՝ 35%-ով, Քիշնեւում՝ 56%-ով, իսկ Թբիլիսիում՝ 14%-ով։

Հերիք չէ այդ թվերը սխալ են, իսկ համեմատությունը ոչ կոռեկտ, նման լույսի տակ այս խնդրի ներկայացումը նաեւ շատ այլ հարցեր է առաջացնում։

Այդ ինչո՞ւ ռելոկանտները եկան հենց Երեւան, այլ ոչ թե Աստանա, որտեղ ե՛ւ ապրելն է էժան, ե՛ւ հարկերն են ցածր, ռուսերենն էլ  պետական լեզու է։

Ինչպե՞ս եք առաջարկում լուծել կենսապահովման բարձր ծախսերի հարցը։ Ստիպենք վարսավիրանոցները անվճար սպասարկեն ռուսների՞ն, թե Երեւանի կենտրոնում բնակարանները սեփականատերերը $100 վարձով տան նրանց։

Լույս եկան նաեւ  նպատակների գծով մանիպուլյացիաները։

Պարզ է,  որ 130 հազար ռելոկանտներից 90–ը չեն կարող լինել ՏՏ ոլորտից։ Կան նրանցկանայք/ամուսինները, երեխաները, բնականաբար կան եւ շատ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, եւ այդ 20 հազարի մեջ «բոլոր մնացածներին» տեղավորելը  կասկածելի չէ՞։

Եթե մինչեւ 2022 թ․ ՀՀ–ում կար 30-40 հազար ՏՏ մասնագետ, ապա ինչպե՞ս շուկան մարսեց այդ լրացուցիչ  90 հազարը։

Ի՞նչ արժեք կարող է ստեղծել ՀՀ–ի համար այն ռելոկանտը, որը մի քանի տոկոս ավելի ցածր հարկի պատճառով Հայաստանից գնում է Ղրղզստան կամ Ղազախստան։

Մեզ համար ի՞նչ արժեք ունի ռելոկանտը, որի համար Հայաստանը ընդամենը զրո հարկով երկիր է։

Մուսաելյանը ո՞ւմ է մեղադրում, որ թանկացած վարձակալությունը չի էժանանում։ Պետությա՞նը։ Թե վարձատուները պետք է հարմարվեն ռելոկանտների պահանջների՞ն, անտեսեն շուկան, միայն թե նրանք չնեղանան։ Վարձատուները վճարում են նաև 10% հարկը, որի համար որեւէ արտոնություն չեն ստանում ի տարբերություն ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների։ ։

Ուզում եք ասել, թե միայն շնորհիվ ռելոկանտների՞ սկսեցիք զարգանալ։ Բա ի՞նչ եղան մինչեւ 2022 թ․ հնչող հայտարությունները, թե ՏՏ ոլորտը աննախադեպ զարգացում է ապրում ու նման այլ պնդումներ։ Ասեմ, որ ՏՏ ոլորտը առանց ռելոկանտների էլ վերջին 5 տարում աճում է տարեկան  40%։

Արդյո՞ք տեղյակ եք, որ ՌԴ քաղաքացիները 2022-23 թթ․ գրանցել են 2000–ից ավելի ԱՁ–ներ, որոնցով ստացել են կացության կարգավիճակ, արտոնություններ, չեն վճարում շահութահարկ եւ մեծամասնությունը չի էլ ապրում ՀՀ–ում։

Կարո՞ղ է ՀՀ–ն լվացքատուն է, որտեղ կարելի է ստանալ կացության թուղթ, Շենգեն, կրեդիտ քարտեր, հարկային արտոնություններ եւ գնալ։ Որտե՞ղ են այստեղ ուղեղները եւ որսը, պարոն Մուսաելյան–կրտսեր։

Իսկ հիմա կարեւորի մասին։

Տվյալների եւ նպատակների մանիպուլյացիա իրականացնելով, ՏՏ ոլորտի «նավաստիները» թաքցնում են իրենց օրինագծի մանրամասները։ Պահանջելով 5% եկամտահարկ ՏՏ ոլորտի աշխատակիցների համար եւ հիմնավորելով դա ռելոկանտների ուղեղների արտահոսքով, նրանք համեստորեն լռում են, թե 5% դրույքաչափը նրանք պահանջում են իրենց բոլոր աշխատակիցների, այլ ոչ միայն ռելոկանտների համար ։

Այսպես Հ․ Մուսաելյանը, իր 1000 հոգանոց «Սինոփսիս» ընկերության համար տարեկան կտնտեսի 2.5 մլրդ․ դրամ բյուջե չվճարած եկամտահարկ։ Եւ սա այն դեպքում, երբ ընկերությունը մեծ քանակի ռելոկանտ չի վարձել եւ «ուղեղներ» չի էլ կորցնում։

Այսպիսի արտոնության արդյունքում ՏՏ ոլորտը կխուսափի 40-50 մլրդ․ դրամ հարկ վճարելուց։ Հաշվի առնելով որ այդ ընկերությունները լրացուցիչ 10-15 մլրդ հետ են ստանում բյուջեից որպես հիփոտեկի տոկոսների հատուցում, ապա ընդհանուր գումարը մոտ է բյուջեի առողջապահության ամբողջ  ծախսերին ։ Իսկ տեղը ին՞չ ենք ստանում։

Կորցնելով ոլորտի երկու գլխավոր նախարար–լոբիստներին, ՏՏ չի հանձնվում՝ առաջ քաշելով իրենց արդեն հոտած նարատիվները։

«Տաքսիստներն ու մենք հատուկ ենք, այդ պատճառով հարկ չենք ուզում վճարենլ։, Այո, ճանապարհներից օգտվելու ենք, դպրոցներից՝ նույնպես, իրապահները մեզ պետք է պահպանեն, բանակը՝ նույնպես։ Բայց այդ ծախսերի համար թող վճարեն ուսուցիչները եւ բժիշկները»

—-

Լևոն Խալաթյան